Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սենսացիոն հայտարարություն է արել: Թուրքական Haberler.com պորտալը գրում է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում, պատասխանելով Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևայի հարցին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հեռանկարների վերաբերյալ, Չավուշօղլուն ասել է. «Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով և մենք աջակցել ենք: Մենք քիչ ջանքեր չենք գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար: Ինչպես և Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու: Նույնիսկ համաձայնագիր ստորագրեցինք Շվեյցարիայում, բայց դա արդյունք չտվեց: Այսօր Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը առաջադրել են որոշ կառուցողական առաջարկներ: Օրակարգում Ադրբեջանին նվազագույնը օկուպացված հինգ շրջանների վերադարձի հարցն է: Ռուսաստանը կիսվել է այդ առաջարկով, իսկ Թուրքիան աջակցել է: Քննարկել ենք դա և ադրբեջանական կողմի հետ: Եթե այդ քայլերը արվեն, մենք կաջակցենք Ադրբեջանի ցանկացած որոշում: Մենք ուզում ենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում: Եթե այս պրոբլեմը լուծվի, ենթադրում ենք, որ Ադրբեջանն էլ դա կցանկանա: Ինչո՞ւ պիտի Հարավային Կովկասում նման սպառնալիք, նման պրոբլեմ լինի: Ինչո՞ւ խնդիրը չի լուծվում: Մինսկի խումբը նույնպես պետք է բոլոր ջանքերը գործադրի»:
Նախ նշեմ, որ այդ հայտարարության բնագիրը չհաջողվեց գտնել, որը որոշակի կարևորություն ունի՝ տարբեր գործակալություններ Չավուշօղլուի հայտարարությունը տարբեր խմբագրությամբ ու իմաստային նրբերանգներով են ներկայացնում: АПА-ի եվրոպացի թղթակից Ֆուադ Գուլուբեյլին մի քիչ այլ կերպ է մեջբերում Չավուշօղլուին. «Հայաստանի զինված ուժերի դուրսբերման հարցը ադրբեջանական օկուպացված տարածքներից, հատկապես 5 շրջաններից, վերջերս օրակարգում է: Ռուսաստանը կիսել է մեզ հետ այդ ջանքերը, և մենք հայտնել ենք մեր աջակցությունը: Մենք աջակցում ենք ցանկացած կարգավորում, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Բացի այդ՝ մենք ուզում ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ նորմալանան: Ինչո՞ւ շարունակել օկուպացիան: Մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: Նաև ջանքեր ենք գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, համաձայնագիր ենք ստորագրել Շվեյցարիայում, սակայն դա հաջողությամբ չավարտվեց»:
Եթե նկատի ունենանք Հայաստանի կողմից Ադրբեջանին հինգ շրջաններ փոխանցելու գաղափարը, մի դեպքում Չավուշօղլուին վերագրվում է «Ռուսաստանը մեզ հետ կիսվել է այդ գաղափարով, իսկ մենք աջակցել ենք, քննարկել ենք ադրբեջանական կողմի հետ» արտահայտությունը: Մյուս դեպքում նախաձեռնությունն ամբողջությամբ վերագրվում է Թուրքիային, իսկ «Ռուսաստանը կիսել է մեզ հետ այդ ջանքերը և մենք մեր աջակցությունն ենք արտահայտել»: Առաջին դեպքում Անկարան հասկացնում է, որ Մոսկվան խորհրդակցութուններ է վարում Անկարայի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրով, կազմակերպում է այդ ուղղությամբ տղեկատվության «արտահոսք», որ հետո իբր դառնում է թուրք-ադրբեջանական քննարկման առարկա: Երկրորդ դեպքում պարզվում է,որ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման տարբեր սցենարների հեղինակի դերում, իսկ Ռուսաստանը տարածում է կամ Մինսկի խմբում, կամ Բաքվի հետ հարաբերություններում: Երկու դեպքերում էլ Չավուշօղլուի արտահայտությունները, որ վերաբերում են Թուրքիայի հարաբերություններին Հայաստանի հետ, միատեսակ են հնչում. «Մենք ոչ քիչ ջանքեր ենք գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար:Նաև՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման, նույնիսկ համաձայնագիր ենք ստորագրել Շվեյցարիայում, բայց դա արդյունք չի տվել»:
Իրոք, 2009-ի աշնանը Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ, ստորագրեցին, այսպես կոչված, արձանագրություները, որ նախատեսում էին Անկարայի ու Երևանի հարաբերությունների նորմալացում և նրանց միջև սահմանի բացում: Այդ փաստաթղթում չկա որևէ հոդված, որ այս կամ այն կերպ առնչվում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: Միայն հետո, Ադրբեջանի ճնշման տակ թուրքական կողմը սկսեց օդի մեջ կապել Ազգային մեծ ժողովում այդ փաստաթղթերի վավերացումը Հայաստանի կողմից մի շարք հնարովի նախապայմանների կատարման հետ, որոնցից հիմնականը Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ տարածքների ազատումն է: Ի հետևանս ձախողվեց հայ-թուրքական մերձեցման փորձը:
Եզրակացությունը ինքն իրեն է գալիս՝ թուրքական դիվանագիտությունը որոնում է միջոցներ ու հնարավորություններ՝ ազատվելու Բաքվի՝ իր ոտքերին կապված «ղարաբաղյան կշռաքարից», որ ադբեջանական ուղեգծից դուրս գա իր կովկասյան քաղաքականության մեջ, բայց այնպես, որ չկորցնի դեմքը Բաքվում, կանխի իրադարձությունների զարգացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հնարավոր անցումային սցենարը: Միևնույն ժամանակ՝ ստեղծվում է կայուն զգացողություն, որ Անկարան կուլ է տվել Բաքվի «խայծը» «Լավրովի ծրագրի» գոյության մասին, որը Բաքվի ԶԼՄ-ների նկարագրությամբ՝ նախատեսում են «Հայաստանի կողմից հինգ շրջանների ազատագրում՝ ի պատասխան Ղարաբաղի նոր կարգավիճակի»: Կամ էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր թուրք գործընկերներին պատմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ պայմանավորվածության մասին, որով հինգ շրջաններ հանձնվում են՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ճանաչելու դիմաց: Ինչպես Չավուշօղլուի հայտարարությունից է երևում՝ նա կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել աշխատանքները հենց այս ուղղությամբ՝ փոխելով գոյություն ունեցող բանակցային օրակարգը՝ նպատակ ունենալով ամեն գնով ղարաբաղյան խնդրի միջոցով ինտեգրվել թե Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորման գործընթացում (Չավուշօղլու. «Մենք ուզում ենք որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ նորմալանան»), թե նույն գործընթացը կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ահա ինչու Չավուշօղլուի հայտարարությունը իր ամբողջ հակասականությամբ հանդերձ՝ բացահայտ զոնդաժի նպատակ ունի նախ և առաջ Ադրբեջանում, որ ապրիլյան պատերազմից հետո հայտնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ ճնշման տակ, որ պնդում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը հակամարտող կողմերի շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներմուծման և միջազգային դիտորդների տեղակայման համար:
Բաքվի պրոբլեմը նաև այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումից հետո Անկարան հազիվ թե կաջակցի Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային տարբերակի ընտրությանը, որ առաջ խոստացվել էր: Ընդհանուր առմամբ, եթե պրոյեկտենք թուրք-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունների վրա, նրանք ծայրամասային բնույթ ունեն ու հազիվ թե ընդհանրապես ունակ են այդ ուղղությամբ որոշիչ լինել:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Ի՞նչ իմաստ ուներ երկար-բարակ Չավուշօղլուին մեջբերել, վերջում եզրակացնելու համար, որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումից հետո Անկարան հազիվ թե կաջակցի Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային տարբերակի ընտրությանը, որ առաջ խոստացվել էր: Ի վերջո, դա բոլորովին չի նշանակում, որ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ չի ձևավորվի՝ խաղաղ ճանապարհով հասնելու այն արդյունքին, որ չապահովեց ապրիլին ռազմական ճանապարհը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ